Էջ:Վերք Հայաստանի 148.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մոտ ենք գալիս, ծնո՛ղք սիրելիք, ձեր տեսուն կարոտ՝ դուք մի՛շտ պաշտելիք. ձեր արդար կաթը, ձեր սուրբ խրատը մենք ե՞րբ կմոռանանք, որ մտնինք կրակը:




Արի՛, երկնային հրեշտա՛կդ լուսեղեն,
Տա՛ր մեր աղաչանքն աստծուն էս կողմեն:
Բարո՛վ մնաք դուք՝ լերի՛նք, հո՛ղ, աշխարհ,
Բարո՛վ կացեք դուք՝ ծառք ու ձո՛րք, անտա՛ռ:
Մենք չէինք արժան ձեր սուրբ երեսին,
Մեր ոտն անիրավ դիպավ ձեր դոշին:
Քանի՞ցս ձեր պտուղն, ձեր համն ու հոտը,
Ձեր շվաքի տակին, ձեր ծաղիկն, խոտը
Մենք հարամ ձեռով քաղեցինք, առանք:
Կոխեցինք ձեր սուրբ երեսն ու դոշը,
Ձեր ղադրն ու խաթրը մենք բնավ չիմացանք:
Աղբրի գլխին, առվի ղրաղին,
Սիրելյաց միջին, ծնողաց գոգին
Սեր վայելեցինք, մեր օրն անց կացրինք:
Աստղերն մեր գլխին քաղցր ծիծաղեցին,
Լուսին, արեգակ իրանց լիսը տվին.
Թռչունք երգելով, ծաղիկք հոտ տալով
Մեզ քնացրին, մեզ զարթեցրին.
Բայց, ա՜խ, անիրավ մեր ձեռն, երեսը
Քնով ծածկեցինք, ձեզ մտիկ չարինք:
Քո սուրբ հողին, մեր քա՛ղցր Հայրենիք,
Ծունր չդրինք, մենք չպաշտեցինք,
Սիրուն վաթանին մենք կյանք չտվինք,
Մեզ մատաղ չարինք, մենք չսիրեցինք:
Թշնամուն հիմիկ մենք եսիր դառանք.
Թե որ ուզենան էլ, որ տան մեզ կյանք,
Էլ չի՛ հարկավոր. դո՛ւ ա՛ռ մեր հոգին,
Ո՜վ բարի հրեշտակ, որ կաս մեր գլխին:


Մնացե՛ք բարով, հողեր ու դաշտեր,
Ա՜խ, թո՛ղ վայելեն ձեր սերն ուրիշներ.
Վարդանի աչքը, էս մանկանց ոտքը